Գեղարվեստի կրտսեր դպրոց, 2-րդ դասարան
Դասվար` Անուշ Աթայան
Դասարանում կարդացել էի Աղայանի «Ամենաուժեղը» հեքիաթը, քանի որ կրթահամալիրում Աղայան + Ռոդարի նախագծի ընթացքն էր, սկսեցինք քննարկել, թե ինչ մասնագիտություններ գիտեն: Սովորողները թվարկեցին իրենց ծանոթ մասնագիտությունները, շատերն էլ հարցրեցին, թե ի՞նչ է մասնագիտությունը: Հետո հերթով թվարկեցին իրենց ընտանիքի անդամների զբաղմունքները, ինչ գործ են անում: Զբաղմունքներն անվանակոչեցինք. եթե բուժում է, ուրեմն բժիշկ է, եթե նկարում է` նկարիչ է… Սկսեցինք խաղալ ռոդարիական հնարքներով, թե որ մասնագիտությունն է ամենաուժեղը: Ձայանգրման ընթացքը զվարճալի էր և հետաքրքիր, երկար մտածում էին, որ մասնագիտությունը կապեն մյուսի հետ, զարմանալի էր, բայց շատ մասնագիտություններ գիտեին: Սկզբում բացատրեցի, որ մի մասնագիտությունը պետք է մյուսից ուժեղ լինի, բայց թե ինչպես խաղացին, մեկը մյուսին հերթ չտալով, խաղարկելով, վիճելով, ասածը հիմնավորելով, ես ինքս էլ զարմացա: