«Իմացումի հրճվանք» ծրագիր. ֆիզկուլտուրա

DSC07716_0

Լուսանկարը՝ Նոր դպրոցի ենթակայքից

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ֆիզիկական դաստիարակության հիմնական
նպատակը ֆիզիկապես առողջ, համակողմանի զարգացած, առողջ ապրելակերպի
կանոններին տիրապետող մարդ ձևավորելն է:

Մարմնակրթություն առարկան լուծում է հետևյալ խնդիրները՝
1.Սովորողների առողջության ամրապնդում և ճիշտ կեցվածքի ձևավորում:
2.Շարժողական ընդունակությունների (արագաշարժություն, ուժ, դիմնացկունություն, ճկունություն) մշակում:
3.Սովորողների մոտ պատասխանատվություն, ընկերասիրություն, փոխօգնություն և այլ հատկանիշների դաստիարակում:
4.Առողջ ապրելակերպի պահպանումը և վնասակար սովորություններից խուսափելը:
5.Ֆիզիկական վարժություններով պարբերաբար պարապելու պահանջմունքի դաստիրակում:

Ընդհանուր տեղեկություններ մարմնակրթության և սպորտի, նրա նշանակության վերաբերյալ: Կոփման կանոնները և նշանակությունը: Դասերի ժամանակ անվտանգության կանոնների պահպանումը: Հոգնածության կանխարգելման միջոցները: Արդարացի խաղի նշանակությունը:

Որպես կանոն, սովորողները մարմնակրթության դասերին պետք է մասնակցեն մազահագուստով և մարզակոշիկներով: Դահլիճներում պետք է պահպանել սանիտարահիգենիկ պահանջները և անվտանգության կանոնները: Ֆիզիկական դաստիարակության գործընթացի արդյունավետությունը ուսումնասիրելու և զարգացման արդյունքները գնահատելու համար ուսումնական տարվա սկզբին, առաջին կիսամյակի և երկրորդ կիսամյակի վերջում, պետք է անցկացնել ստուգատեսներ: Մարզիչը պետք է ունենա սուլիչ, կարողանա հրահանգները տալ պարզ և արտահայտիչ:

1-3-րդ դասարաններ

Մարմնամարզական և շարային վարժություններ՝ Շարում տողանով, միասյուն: Տալ հրահանգներ «Շարվել, ցրվել, քայլով մարշ, կանգ ա’ռ», շարափոխումներ, օրինակ՝ տողանից շրջանի, միասյունից երկսյուն, կատարել դարձումներ տեղում աջ և ձախ, բացազատվել կողմ կից քայլերով, տարածած ձեռքերի չափով: Կատարել տեղում քայլով մարշ, հրամանը
անպայման սկսել ձախ ոտքից:
Ընդհանուր զարգացնող վարժություններ. հիմնական. կանգ՝ կրունկները միասին, ոտնաթաթերը բռունցքի չափով զատած, ձեռքերը կիսաբռունցք կոնքերի մոտ:
Ձեռքերի հիմնական դրություններն են՝ ձեռքերը ներքև, առաջ, կողմ, վերև, ծոծրակին, գլխին, գոտկատեղին, մեջքին, ետ:
Ոտքերի հիմնական դրություններն են՝ ոտքը ձգած ուղիղ, առաջ, ոտնաթաթը գետնին, կողմ, ոտնաթաթը գետնին, ետ, ոտնաթաթը գետնին, ոտքը ուղիղ բարձրացնել առաջ, կողմ, ետ, բարձրացնել ծալած, վեր:
Մարմնի հիմնական դիրքերն են՝ բարձրանալ ոտնաթաթերին, հենվել ծնկներին, կքանստել, իրանի թեքումներ առաջ, հետ, աջ, ձախ:
Ընդհանուր զարգացնող վարժություններ առանց առարկաների և առարկաներով:
Կեցվածքի ձևավորման վարժություններ- կանգնած,պառկած, չորեքթաթ դիրքերից, կանգնել պատի մոտ, կպնել նրան, գլխով, թիակներով, ուսերով, նստատեղով և կրունկներով, այդ դիքը պահելով կատարել քայլ առաջ, կքանստել, գլխին դնել որևէ առարկա, բարձրանալ ոտնաթաթերի
և իջնել, կամ քայլել ձեռքերը տարածած, կարելի է կատարել վարժություններ ներքնակի
վրա:
Հարթաթաթության կանխարգելման վարժություններ— քայլել ոտնաթաթերին, կրունկներին, ներբաններին, գետնին դրված պարանի վրայով (հատկապես արդյունավետ է, եթե քայլում էս ոտաբոբիկ):
Շնչառական վարժություններ. խորը շնչել և արտաշնչել:
Մագլցման վարժություններ. մագլցում, սողանցում մարզանստարանի վրայով, մագլցում մարզապատի վրա,անցում մյուս մարզապատին:
Հավասարակշռության վարժություններ.  կանգ մեկ ոտքին, ոտնաթաթերին, քայլք մարզագերանի, մարզանստարանի վրայով, ձեռքերի տարբեր դիրքերով:
Ռիթմիկ մարմնամարզական և պարային վարժություններ. կատարել երաժշտության ուղեկցությամբ, քայքեր, թեթև վազքեր, դոփյուններ, ցատկեր, կից քայլերով, կքանստած, ձեռքերի տարբեր դիրքերով:
Աթլետիկական վարժություններ.
Քայք և դրա տարատեսակները, ոտնաթաթերին արագ, դանդաղ կրունկներին, ձեռքերի տարբեր դիրքերով:Վազք տարբեր տեմպերով, մաքոքավազք (2անգամ10մ.): Ցատկեր ցատկապարանով, հեռացատկ տեղից: Գնդակի նետումներ, փոքր գնդակի նետում նպատակին, նետում հեռու, փոխանցում ընկերոջը և ընդունում:
Ընդհանուր զարգացնող վարժությունների ժամանակ կարևոր է պահպանել վարժությունների հերթականությունը, պետք է սկսել մարմնի վերին հատվածներից և ավարտել ստորին հատվածներով, ժամանակ առ ժամանակ կատարել շնչառական վարժություններ:
Շարժախաղեր, Ազգային խաղեր, Էստաֆետներ

Առաջին դասարան՝ (108 ժամ)
1.Գիտելիքների հիմունքներ (6ժ.)
Բովանդակությունը
Ֆիզիկական դաստիարակության նշանակությունը առողջության համար, անձնական հիգիենայի, անվտանգության պահպանումը ֆիզկուլտուրայի դասերին: Վազքը,ցատկերը և լողը տեղաշարժման կարևոր միջոցներ:
Խնդիրները
Սովորողիի ադապտացումը դպրոցական գործունեությանը, ֆիզիկական կուլտուրայի
առողջարարական կարևորությունը, նրանով զբաղվելու վարժությունների ձևերը և դրանց կատարման անվտանգության ապահովումը:
2.Շարժախաղեր( Ազգային խաղեր) (32ժ.)
Բովանդակությունը
Վազքի ունակության ամրապնդման խաղեր, ցատկերի ունակության ամրապնդման խաղեր, նետումների ունակության ամրապնդման խաղեր, գնդակ վարելու և փոխանցելու ունակության ամրապնդման խաղեր, հավասարակշռությունը մշակող խաղեր:
Խնդիրները
Վազքի, ցատկերի, գնդակի վարումների, փոխանցումների և նետումների ամրապնդում, փոխօգնության համագործակցության և կողմնորոշման կարողություններ:
3.Մարմնամարզական վարժություններ (24ժ.)
Բովանդակությունը
Շարք, միասյուն շարքով քայլք, հրահանգներ ՝ շարվել, քայլով մարշ, կանգառ: Ընդհանուր զարգացնող վարժություններ առանց մարզագույքի, շնչառական վարժություններ: Հավասարակշռության վարժություններ, քայլք գծի կամ մարզանստարանի վրայով ձեռքերի տարբեր դիրքերով:

Ակրոբատիկ վարժություններ, գլորում կողքեր (աջ, ձախ) և առաջ՝ կքանստած դիրքից:

Ռիթմի զգացողության վարժություններ, քայլք, ցատկ, դոփյուն երաժշտության տակտերի ներքո:

Խնդիրները
Շարային հրահանգների կատարում, գլորումների կատարում, հավասարակշռության
պահպանում և ռիթմի զգացողություն, ճիշտ կեցվածք:
4.Աթլետիկական վարժություններ (22ժ.)
Բովանդակությունը
Քայլք ոտնաթաթերին՝ կքանստած: Դանդաղ վազք: Ցատկապարանով ցատկեր, մեկ ոտքի հրումով ցատկեր: Նետումներ նշանակետին փոքր գնդակով:
Խնդիրները
Քայլքի և վազքի կեցվածքի ձևավորում: Համաձայնեցված շարժումներ և տարածության զգացողություն: Արագաշարժության և ճարպկության մշակում:

Երկրորդ դասարան (108 ժամ.)

1.Գիտելիքների հիմունքներ (6ժ.)
Բովանդակությունը
Ֆիզիկական վարժությունների նշանակությունը առողջության համար, առավոտյան մարմնամարզության կարևորությունը, անվտանգության պահպանումը
ֆիզկուլտուրայի դասերին: Օլիմպիական խաղեր և դրանց ծագումը:
Խնդիրները
Գիտելիքներ ֆիզիկական վարժությունների, հիգիենայի կանոնների վերաբերյալ,
ֆիզիկական կուլտուրայի առողջարարական կարևորությունը, նրանով զբաղվելու
վարժությունների ձևերը, մարմնի կոփման միջոցները:
2.Շարժախաղեր (Ազգային խաղեր) (30ժ.)
Բովանդակությունը
Դիպուկությունը զարգացնող խաղեր, ցատկերի ունակության ամրապնդման խաղեր,
կոորդինացիան (հավասարակշռություն) մշակող խաղեր, գնդակ վարելու և փոխանցելու
ունակության ամրապնդման խաղեր, փոխօգնության և ընկերասիրության
դաստիարակում:
Խնդիրները
Ֆիզիկական որակների ձևավորում (ուժ, ճարպկություն, ճկունություն,
արագաշարժություն, դիմացկունություն ), ինքնավստահություն և համարձակություն:
3.Մարմնամարզական վարժություններ (26ժ.)
Բովանդակությունը
Զույգերով, եռյակներով շարափոխումներ, դարձումներ (աջ, ձախ, հետ): Ընդհանուր
զարգացնող վարժություններ համալիր մարզագույքի միջոցով, շնչառական
վարժություններ: Հավասարակշռության վարժություններ: Կեցվածքի ճիշտ ձևավորման
վարժություններ, շվեդական պատին մագլցում:Ակրոբատիկ վարժություններ, գլորում
կողքեր (աջ, ձախ) և առաջ՝ կքանստած դիրքից: Ռիթմիկ մարմնամարզություն, կից
քայլեր:
Խնդիրները
Շարային հրահանգների տիրապետում, գլուխկոնծի (առաջ և հետ) կատարման
սովորեցում, կարգապահության և համարձակության դաստիարակում:
4.Աթլետիկական վարժություններ (22ժ.)
Բովանդակությունը
Ատլետիկայի ձևերի ներկայացում, վազքեր, ցատկեր, նետումներ: Վազք զիգզագաձև,
վազք 20մ., հավասարաչափ վազք մինչև 3ր., հեռացատկ տեղից, թենիսի գնդակի նետում
նշանակետին:
Խնդիրները
Նպաստել վազքերի, ցատկերի, նետումների կատարման տեխնիկային, սովորեցնել
ցածր մեկնարկ արագավազքի համար: Արագաուժային ընդունակությունների
մշակմանը նպաստող վարժություններ:
Երրորդ դասարան (108ժ.)
1.Գիտելիքների հիմունքներ (6ժ.)
Բովանդակությունը
Ժամանակակից օլիմպիական խաղերում հայ մարզիկների հաջողությունները,
կեցվածքի ձևավորման ամրապնդման և մտավոր զարգացման վարժություններ:
Առողջության պահպանումը և ամրապնդումը Ֆիզիկական վարժությունների միջոցով:
Խնդիրները
Ֆիզիկական վարժությունների բեռնվածությունը և ծավալը օրվա ռեժիմում, դրանց
կատարման կարևորությունը օրգանիզմի ներդաշնակ զարգացման համար: Հիգիենայի
կանոնների կարևորությունը:
2.Շարժախաղեր (Ազգային խաղեր) (28ժ.)
Բովանդակությունը
Կամքի դաստիարակում, համագործակցություն և վստահություն ձևավորող խաղեր:
Ճանաչված հայերի կապը սպորտի հետ, օրգանիզմի վերականգման ձևերը:
Խնդիրները
Առավոտյան մարմնամարզություն, ֆիզիկական վարժություններ թևերի և ոտքերի
մկանների ամրապնդման համար: Կոորդինացիայի և շնչառության ճիշտ զուգակցման
գիտելիքներ:
3.Մարմնամարզական վարժություններ (28ժ.)
Բովանդակությունը
Շարք, հաշվարկ, զեկույց, 1-4 հաշվով քայլք տեղում, առաջ, կանգառ: Դանդաղ վազք և
արագացում հրահանգների ընկալում և կատարում: Ընդհանուր զարգացնող
վարժությունների համալիր, չափավորված կատարում: Հենում պառկած, ձեռքերի
ծալում տարածում, կանգ թիակների վրա, պարային վարժություններ՝ ազգային պարերի
շարժումներով:
Կախ թափեր շվեդական պատից կամ պտտաձողից:
Խնդիրները
Զարգացնել ռիթմի զգացողություն, ակրոբատիկ և հավասարակշռության պահպանման
կատարում, նպաստել շարժումների համակցման, ուշադրության կետրոնացման և
դժվարությունները հաղթահարելու կարողություն:
4.Ատլետիկական վարժություններ (24ժ.)
Բովանդակությունը
Կարճ և երկար տարածության վազքեր `բարձր մեկնարկից /20մ,400մ/ : Արգելավազք
դժվար անցանելի հատվածով, հեռացատկ տեղից և թափավազքով: Ոստյուններ վեր, աջ,
ձախ, հետ: Թենիսի գնդակի նետում (հեռավորություն) :
Խնդիրները
Ամրապնդել վազքերի, ցատկերի և նետումների կատարումը: Մշակել ճկունություն,
ճարպկություն, արագաշարժություն և դիմացկունություն: Սովորեցնել արգելքների
հաղթահարում, արագ վազք և վազք՝ ուղղությունը կտրուկ փոխելով:
Սպորտլանդիա. 1-3-րդ դասարան
Սպորտլանդիան կրթահամալիրի ավանդական մարզական ծեսերից է, որը տեղի
է ունենում տարին երկու անգամ` գարնանը և աշնանը: Աշնանը խաղերը անցկացնում ենք դահլիճային միջավայրում, իսկ գարնանը՝ բացօթյա խաղահրապարակում: Խաղահրապարակում խաղերը կազմված են ատլետիկական վազքերից, ցատկերից, անցկացնում ենք մարզախաղերի տարրերով մրցակցական խաղեր`գնդակի նետում, վարում, փոխանցում, հեծանվավազք, ինքնագլոր և անվավոր չմուշկ, հաղթահարել բարձրուցածր արգելքները, պարանի ձգում…
Իսկ փակ մարզադահլիճներում խաղերը կազմված են՝ սողանցումներ` մարզանստարանի վրա, քայլք ոտնաթաթերին, ցատկեր, գլուխկոնծի ներքնակների վրա, գլորումներ, անցում օղակների միջով …
Շարժախաղերը նպաստում են երեխաների վազելու, ցատկելու, նետելու կարողությունների ամրապնդմանը, արագաշարժությանը, տարածության մեջ կողմնորոշման և կոորդինացիոն ընդունակությունների մշակմանը:Մինչսպորտլանդիան` դասերի ընթացքում անց են կացվում ներդպրոցական մրցումներ, ընտրում ենք լավագույն, ուժեղագույն երեխաներին, կազմում ենք
հավաքական թիմ, որն էլ մասնակցում է կրթահամալիրի կրտսեր դպրոցների սպորտլանդիայի խաղերին:

Էստաֆետային խաղեր

Դասարան
Կավիճով նշվում են դասարանները: Մասնակիցները ցատկելով անցնում են բոլոր դասարաններով ու վերադառնում մեկնարկային գիծ:
Թենիսի գնդակների տեղափոխում գդալներով
Մեկնարկային գծից գդալները բերանին սեղանի թենիսի գնդակները
տեղափոխելով /6մհեռավորություն/ գցել զամբյուղի մեջ:
էստաֆետային համալիր խաղ
Մեկնարկային գծից վազքով գնդակը ձեռքին մոտենում է մարմնամարզական ներքնակին, կատարում է գլուխկոնծի առաջ, որից հետո վազքով մոտենում է օղակին, անցնում է օղակի միջով և գնդակի վարումով վերադառնում մեկնարկային գիծ:
Պարանի ձգում
Զիգզագաձև էստաֆետ
Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, անցնելով բուլավաների արանքով, վազում են, շրջանցում 5-6 մետր հեռու դրված դրոշակը և ուղիղ գծով վերադառնում `մեկնարկ տալով հաջորդին:Նստարանների վրայով Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները բարձրանում են
նստարանի վրա, ձեռքերը կողմ տարածած անցնում են նստարանի վրայով, ցատկով իջնում` անցնելով որոշակի տարածություն, շրջանցում են դրոշակը և ուղիղ գծով վերադառնում:
Գնդակը պարկում
Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Որոշակի հեռավորության վրա պարկեր են դրվում: Յուրաքանչյուր մասնակցին ռեզինե գնդակ է տրվում: Մասնակիցները, անցնելով որոշակի տարածություն, նշված գծից գնդակը նետում են պարկի մեջ, վերադառնում` մեկնարկ տալով հաջորդին:
Ծափով վազել
Խաղացողները միասյուն շարվում են իրարից կես մետր հեռավորության վրա: Մեկ ծափ`քայլում են, երկու ծափ` ցատկում են, երեք ծափ` վազում են: Ով սխալվում է, դուրս է գալիս շարքից: Հաղթում է նա, ով ավելի ճիշտ և արագ է կողմնորոշվում:
Գնդակը տանել-բերել
Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները գնդակը վազքով տանում են, դնում 5-6 մետր հեռու գտնվող օղակի մեջ,վերադառնում և ձեռքի հպումով մեկնարկ տալիս հաջորդ մասնակցին, ով վազքով գնում և բերում է գնդակը: Այսպես՝ մեկը տանելով, մյուսը բերելով խաղում են, մինչև բոլոր մասնակիցները մասնակցեն խաղին:
Օղակների միջով
Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, անցնելով օղակների միջով, վազում են, շրջանցում 5-6 մետր հեռու դրված դրոշակը և ուղիղ գծով վերադառնում, ձեռքի հպումով մեկնարկ տալիս հաջորդ մասնակցին: Հաղթում է այն թիմը, որի վերջին մասնակիցն ավելի շուտ է հասնում իր շարքին:
Գնացք
Երկու թիմերի կանգնեցնում ենք մեկնարկի գծի վրա` խառը (1 տղա, 1 աղջիկ): Յուրաքանչյուր թիմի դիմաց 10-12մ. հեռավորության վրա դրվում է կանգնակ: Մարշ հրահանգով 1-ին կանգնած խաղացողը վազքով շրջանցում է կանգնակը, վերադառնում, շրջանցում է կանգնած խաղացողին, բռնում առաջին խաղացողի ձեռքը, կրկին վազքով գնում են շրջանցում կանգնակը վերադառնում, կրկին շրջանցում կանգնած խաղացողներին, բռնում հաջորդ խաղացողի ձեռքը և այդպես շարունակ մինչև վերջին խաղացողը: Այն թիմը, որն առաջինն է վերջացնում և չունի տուգանային միավոր, հաղթող է ճանաչվում՝ ստանալով 3 միավոր, իսկ պարտվող թիմը՝ 2 միավոր:
Էստաֆետա օղակներով
Երկու թիմերին կանգնեցնում ենք մեկնարկի գծի մոտ: Յուրաքանչյուր թիմի դիմաց դրվում են ուղղահայաց դիրքով /աշակերտների օգնությամբ/ 5 օղակներ: Մարշ հրահանգով առաջին կանգնած խաղացողները վազքով անցնելով բոլոր օղակների միջով, շրջանցում են կանգնակը, վերադառնում նույն ձևով էստաֆետան տալիս հաջորդ խաղացողին: Եվ այսպես հաջորդաբար մինչև վերջ: Այն թիմը, որն առաջինն է վերջացնում և չունի տուգանային միավոր, հաղթող է
ճանաչվում՝ ստանալով 3 միավոր, իսկ պարտվող թիմը՝ 2 միավոր:
Ազգային խաղեր
Ծիտը քարին
Խաղացողները վիճակ են գցում և վերջին մնացողին կոչում են՝ կանչող: Խումբը ցրվում է խաղավայրի զանազան կողմերը, իսկ կանչողը կանգնում է կենտրոնում ու կանչում է.
-Ծիտը քարի¯ն:
Խաղացողները երբ լսում են այս բառերը մի- մի քար են գտնում և վրան մեկ կամ երկու ոտքով կանգնում: Կանչողն աշխատում է նրանց խփել դեռ քարերի վրա չկանգնած: Չխփվածները քարերի վրա կանգնելուց հետո սկսում են իրենց կանգնած քարից տեղափոխվել ուրիշ քարի վրա, այնպես որ կանչողի համար հնարավորություն ստեղծվի նրանց խփելու: Ում որ կանչողը խփում է, նա դառնում է կանչող, իսկ նախկին կանչողը մտնում է խմբի մեջ:
Մածուն ծախեմ
Գլխավորապես խաղում են աղջիկները սենյակում: Ամեն մեկը սենյակի մի անկյունն է բռնում, իսկ այն մեկը որ անկյունից զուրկ է սրան-նրան ասում է.
— Մածուն ծախեմ, ո՞վ կուզի:
— Ես չեմ ուզեր, այսինչը կուզի:
Այս միջոցին սա և անվանված անձը փոխանակում են իրենց տեղերը: Մածուն ծախողն աշխատում է շտապել և դրանցից մեկի անկյունը գրավել:
Խաշիլ ճաշ
10 ևավելի հոգով կիսաշրջան են կազմում երեխաները, որոնցից առաջինը մայր է կոչվում: Մեկը թռչուն դառնալով՝ նստում է կիսաշրջանի մեջտեղում ,և հողի վրա զանազան նկարներ է ձևացնում: Կիսաշրջանը մոր առաջնորդությամբ պտտվում է նրա շուրջը: Մայրը թռչունին հարցնումէ.
— Ա¯յ թռչուն, ա¯յ թռչուն, էդ ի՞նչ ես եփում:
— Խաշիլփափա, — պատասխանում է թռչունը:
— Ո՞ւմ համար
— Իմ ճուտերի:
— Կտա՞ս իմ ճուտերին:
— Չեմ տա, խի կուտամ, թե քաջ են, թող իրենք վերցնեն:
Այս խոսքի վրա մայրը կամ ճուտերից մեկը աշխատում է թռչունին խփել և անպայման վայր գցել, ու հաջողվելու դեպքում խփողն ու խփվողը դերերը փոխում են, իսկ եթե ոչ շարունակում են խաղալ այնքան ժամանակ, մինչև որ հաջողեցնում են:
Մուկն ու կատուն
Խաղում են 20-25 հոգով: Երեխաներից մեկը ընտրվում է մուկ, մյուսը` կատու: Երեխաները ձեռք ձեռքի բռնած՝ շրջան են կազմում, մուկը վազում է շրջանի շուրջը` կատվից փախչելով: Երեխաներն օգնում են մկնիկին, որպեսզի մտնի շրջանի մեջ, որ կատուն չկարողանա բռնել նրան: Երբ բռնում է, ուրիշ զույգ է դառնում մուկ ու կատու:
Մուկ-կատու
Երեխաները ձեռք ձեռքի տված շրջան են կազմում` նախապես մեկին` մուկ, մյուսին կատու նշանակելով: Մուկը դրսից որևէ թևամիջով ներս է մտնում և կատվին խաբս տալով` դուրս է գալիս մեկ ուրիշ տեղով, իսկ կատուն հետապնդում է նրան և նույն տեղերով մտնելով ու դուրս գալով` աշխատում է բռնել նրան և դերը նրա հետ փոխել: Բայց երբ մկանը շուտ բռնելու տենչով
կատուն ոչ թե նախորդի անցած ճանապարհով է անցնում, այլ ուրիշ թևամիջով, այն ժամանակ նրան փոխարինում էր շրջանում կանգնած մեկը` խաղը նույնությամբ շարունակելով:
Գայլն ու ոչխարը
Խաղացողներից մեկը դառնում է ոչխար, մյուսը` գայլ: Մնացածները ձեռք ձեռքի բռնած շրջան են կազմում, իրենց մեջ են առնում ոչխարին և աշխատում նրան պաշտպանել գայլի հետապնդումներից: Գայլը մնալով դրսում՝ հարձակումներ է գործում շրջափակ կազմողների վրա` ջանալով խզել ձեռքերի շղթան և ներս մտնել ոչխարին բռնելու: Երբ գայլին հաջողվում էր շրջափակը որևէ տեղում կտրել, այդ ժամանակ ոչխարին փախցնում են շրջափակից դուրս և գայլին են բռնում «փարախի մեջ»` հնարավորություն չտալով հասնել ոչխարի ետևից: Եթե
գայլին հաջողվում է ներսից կտրել ներքևի շղթան և դուրս գալ, ոչխարին դարձյալ ներս էին առնում և այսպես շարունակվում էր այնքան ժամանակ, մինչև որ գայլին հաջողվում էր բռնել ոչխարին, որից հետո ոչխարը դառնում էր գայլ, մի ուրիշ խաղացող` ոչխար:
Գործնագործ
Երեխաները բաժանվում են երկու հավասար խմբի (կարող են լինել աղջիկների և տղաների կամ խառը խմբեր): Մի խումբը դառնում է խփողների խումբ, մյուսը` խաղացողների: Խփողները կանգնում են իրարից մի քանի մետր հեռավորության վրա, խաղացողները մտնում են մեջ ու կսում են խաղալ: Խփողները հերթով փորձում են գնդակով խփել խաղացողներին: Ամեն անգամ, գնդակը մեկին կպչելուն պես, խաղացողը պետք է դուրս գա խաղից: Երբ խաղի մեջ մնում է մի մասնակից և կարողանում է մինչև տաս հաշիվը խաղալ, բոլոր խաղացողները մտնում են` խաղը շարունակելու, իսկ եթե մինչև տաս հաշիվը չի կարողանում ազատել, իրենք դառնում են խփողներ, իսկ խփողները` խաղացողներ:
Աղջիկ փախցնոցի
Երեխաները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերն վերև պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու, նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից, երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը:
Ես բարձր եմ, դու` ցածր
Խաղում են 2-ական հոգով` մեծ մասամբ հոգնած մեջքները հանգստացնելու համար: Խաղացողները կանգնում են մեջքներն իրար կպցրած և երկուսի թևերը մեկը մյուսին շղթայած: Այդ դրությամբ մեկը կռանալով` մյուսին առնում է իր շալակը: Շալակողի հարցումով նրանց միջև տեղի է ունենում հետևյալ խոսակցությունը:
-Տակդ ի՞նչ կա:
-Վերմակ, ներքնակ:
Ապա շալակողն էր հարցնում:
-Վրեդ ի՞նչ կա:
_Աստղ ու լուսնյակ:
Խաղացողները կարող են կամաց-կամաց արագացնել այդ գործողությունը:
Աչքկապուկ
7-20 խաղացողներ իրենցից մեկի աչքերը կապում են և շրջապատելով սկսում կսմթել: Կապվածը ձգտում էր նրանցից մեկին բռնել և իր դերը նրա հետ փոխել: Զանգակի խաղ Ծառից կամ գետնին ամրացրած փայտից երկու պարան են կապում, խաղացողներից երկուսի աչքերը փակում են թաշկինակով ու պարանները տալիս ձեռքները: Դրանցից մեկի ձեռքում զանգակիկ է լինում, որը սկսում է կամաց-կամաց ծնգծնգացնելով վազել, իսկ մյուսը նրա ետևից է ընկնում, որ
լախտով խփի: Այս խաղը միշտ ծիծաղելի է լինում, որովհետև խաղացողները չտեսնելով` ակամա միմյանցով են ընկնում, կամ թե լախտավորը, կարծելով, որ զանգակավորը հասել է, լախտը վրա է բերում, բայց բոլորովին հակառակ կողմն ու դատարկ օդին է խփում:
Ճլոթ
Վիճակով մեկը կանգնում է պատի առջև, ձեռքերը մեջքին տանում, միացնում: Մեկը դառնում է Պապ: Նա թաշկինակով կամ ձեռքով ծածկում է սրա աչքերը: Մյուս խաղացողները ետևից մեկ-մեկ մոտենում են և խփում նրա ձեռքերին: Պապը հարցնում է.
-Ո՞վ է խփողը:
Եթե գուշակում է, խփողը կանգնում է նրա տեղը:
Կարմիր կոճակ
Երեխաները նստում են աթոռներին, ձեռքերը մեկնում են առաջ` ափերն իրար կպցրած: Խաղավարը իր ափի մեջ թաքցնում է կարմիր կոճակը, մոտենում է յուրաքանչյուր երեխայի ու նրա ափի մեջ մտցնելով իր ձեռքերը` կոճակը թաքուն գցում է երեխաներից մեկի ձեռքերի մեջ: Ընթացքում կարող է որևէ խաղերգ արտասանել: Վերջացնելուց հետո ասում է.
— Կարմի´ր կոճակ, դո՛ւրս արի:
Գդակ թռցնել
Խաղում են 8-10 հոգիանոց երկու խմբով: Խմբերը կանգնում են 50 քայլ իրարից հեռու սահմանների վրա: Վիճակահանությամբ խաղն սկսող խմբից մի հոգի գալիս է մյուս խմբից մեկի գլխարկը հանկարծ թռցնում ու փախչում՝ հասնելու իր խմբին: Գլխարկատերը պետք է հասնի և նրան ձեռքով դիպչի մինչև տեղ հասնելը: Այդ գործողությամբ գլխարկն ազատում է և խաղը շահում: Հակառակ դեպքում ինքը գերվում է, իսկ խումբը տանուլ է տալիս: Խաղը վերսկսում է շահող խումբը: Խաղը շարունակում են, մինչև խմբերից մեկը գերի մյուսի բոլոր անդամներին:
Յոթ քար
Խաղում են 10-20 մասնակից բակում, դաշտերում: Համեմատաբար տափակ 7 քարեր իրար մոտ են դնում: Բաժանվում են երկու խմբի և վիճակահանությամբ որոշում որ խումբն է քարերը հավաքում: Մյուս խումբը գնդակով հետապնդում է և աշխատում թույլ չտալ, որ քարերը դնեն իրար վրա: Եթե խաղի ընթացքում փախչող խմբի անդամներից մեկը կամ մի քանիսը չեն խփվում, այլ խույս տալով գնդակից շրջանցում են և կարողանում են ցրված յոթ քարը շարել միմյանց վրա ու հաշվել մինչև 7 թիվը, փախչողները շահում են մեկ փալան: Երբ հետապնդվողը նետած գնդակը բռնում է օդի մեջ նախքան դրա գետնին դիպչելը, ապա այս դեպքում գնդակ բռնող խումբը շահում է մեկ փալան:
5 քար
Խաղում են 10 հոգով: Քաշում են մի գիծ, որի երկարությամբ յուրաքանչյուր խաղացող իր համար մի փոս է փորում: Խաղացողներից մեկը կանգնում է փոսերի շարքի մի ծայրին, և մի ուրիշը՝ հակառակ ծայրին: Կանգնողներից մեկը փոքր գնդակը գլորում է փոսերի շարքի երկարությամբ: Երբ գնդակն ընկնում է որևէ փոսի մեջ, սրա տերը վազում, վերցնում է գնդակը և փորձում դրանով խփել որևէ մեկին: Եթե կպչում է, ապա խփվողի փոսի մեջ մի քար են գցում: Հենց որ խաղացողներից որևէ մեկի փոսում հավաքվում է 5 քար, նրա աչքերը կապում են և գնդակը տանում են որևէ տեղ պահում: Երբ գնդակը պահված է, նրա աչքերը բացում են և խաղացողներից մեկը մոտենում է նրան ու մեջքին խփելով ասում.
_Գռտու-գռտու, ձագերդ գտի:
Խփում ու այդ բառերը կրկնում են այնքան ժամանակ, մինչև որ 5 քարատերը գտնում է գնդակը: Երբ գնդակը գտնվում է, խաղը համարվում է վերջացած, և խաղացողները նույն կարգով խաղը սկսում են նորից:
Խնոցի-հարոցի
Խաղում են զույգերով: Նստած կամ կանգնած դիրքով զույգերը դեմքով իրար են նայում: Մի խաղացողի երկու ձեռքերի մատները հագցրած են դիմացինի մատներին` ափը ափին կպած:
-Խնոցի-հարոցի, կարագը` ձեզ, թանը` մեզ: կամ`
-Հարի-հարի խնոցի,
Մեջդ բարի, խնոցի,
Ունկդ բարակ, խնոցի,
Մեջդ կարագ, խնոցի:
Տեքստը ռիթմիկ արտասանելով, առաջին երեխան թեքվում է առաջ` ձեռքերը պարզելով առաջ, իսկ երկրորդ երեխան թեքվում է ետ` ձեռքերը մոտեցնելով կրծքին: Ապա երկրորդ երեխան թեքվում է առաջ` ձեռքերը պարզելով առաջ, իսկ առաջին երեխան ետ` ձեռքերը մոտեցնելով կրծքին:
Շարժախաղեր

Շարժախաղերը ֆիզիկական դաստիարակության կարևոր միջոցներից են: Շարժախաղերի ուսուցումը ուսումնական ծրագրում նախատեսված է տարրական դասարաններում: Շարժախաղերը նպաստում են երեխաների առողջության ամրապնդմանը, ֆիզիկական զարգացմանը, ամրապնդում են նրանց կենսականորեն անհրաժեշտ շարժողական հմտությունները` քայլքը, վազքը, ցատկը, նետումները, զանազան արգելքների հաղթահարումը և այլն: Մշակում են սովորողների շարժողական ընդունակությունները` արագաշարժությունը, ճարպկությունը, դիմացկունությունը, ուժը, կոորդինացիան, շարժումների համաձայնեցումը և այլն:  Խաղերը նաև զարգացնում են նրանց ուշադրությունը, համարձակությունը, ինքնավստահությունը, հնարամտությունը, օժանդակում են փոխօգնության, ընկերասիրության,

համագործակցության դաստիարակմանը: Խաղերի հաջող անցկացումը, պայմանավորված է խաղի ընտրությունից, խաղավայրի և գույքի նախապատրաստումից: Դասերի համար խաղեր ընտրելիս պետք է հաշվի առնել.
 դասին ներկայացվող խնդիրները,
 երեխաների տարիքը, ֆիզիկական զարգացման և շարժողական
հնարավորությունների մակարդակը,
 խաղավայրի պայմանները, գույքի առկայությունը,
 խաղի համար դասին հատկացված ժամանակը,
 օդի ջերմաստիճանը,
 շարժախաղին նախորդող և հաջորդող վարժությունների կատարման
ժամանակ երեխաների ստացած բեռնվածությունը:
Վնասվածքներից խուսափելու նպատակով, եթե խաղերն անցկացվում են մարզասրահում, ապա պետք է այն ազատել մարմնամարզական գործիքներից և խանգարող այլ գույքից:
Խաղերի համար անհրաժեշտ գույքը` ըստ չափի ու քաշի պետք է համապատասխանի
սովորողների տարիքին և նրանց ֆիզիկական զարգացման ցուցանիշներին:
Շարժախաղերը անցկացնելիս, նախ պետք է հաղորդել խաղի անվանումը, ապա պարզ,
հակիրճ բացատրել կամ հիշեցնել խաղի կանոնները, որոնք պետք է զուգակցվեն խաղի
առանձին վարժությունների և հնարների ցուցադրմամբ:
Եթե խաղը թիմային է, ապա դասարանի աշակերտներին պետք է բաժանել հավասար
խմբերի, այն հաշվով, որ բոլոր խմբերը ֆիզիկական պատրաստականության մակարդակով լինեն մոտավորապես հավասար ուժի: Խաղի բացատրումից, կանոնների հաղորդումից հետո, պետք է նաև նշել, թե քանի րոպե են խաղալու կամ ինչ հաշվի դեպքում է խաղն ավարտվելու: Խաղն ավարտելուց հետո անհրաժեշտ է ամփոփել` բացահայտելով այն սխալները, որոնք թույլ են տրվել խաղի ընթացքում: Շարժախաղերը հիմնականում անցնում են հուզականությամբ, որը նպաստում է նրանց շարժողական ակտիվության բարձրացմանը: Շարժախաղերը անցկացնելիս անհրաժեշտ է երեխաներին ծանոթացնել և նրանց մեջ ամրապնդել խաղերի համար պարտադիր հետևյալ կանոնները.
— արագ և ճիշտ կանգնել իրենց տեղում խաղը սկսելու համար,
— խաղը սկսել և ավարտել խաղավարի ազդանշանով,
— խաղավարի խոսքը օրենք է,
— խաղալ ազնվորեն, առանց խաբելու,
— չվազել ու անցնել խաղի համար նշագծված խաղահրապարակի սահմանները,
— հոգատար վարվել գույքի հետ,
— հաղթելիս չգոռոզանալ, պարտվելիս` չտխրել:
Շարժախաղեր անցկացնելիս անհրաժեշտ է պահպանել անվտանգության կանոնները և հիգիենիկ պահանջները:

Օգտագործված գրականություն՝
Հեղինակներ`
Վ.Կարապետյան
Ռ.Ա. Առաքելյան, Շարժախաղեր, Երևան 2008:
Խմբ.՝Ամ.Մ. Մելիքյան
2. Ա.Լուսինյան
Ա.Վարոյան.

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s